Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչները պարունակում են կենսական կարևոր օրգաններ, և այս շրջանների վնասվածքները կարող են մահացու լինել։


Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց՝ թափանցող, երբ որևէ առարկա ծակում է կրծքավանդակի պատը, և փակ, երբ կրծքավանդակի պատի ամբողջականությունը խախտված չէ։

Կողոսկրերի կոտրվածքը առաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներազդումից։ Լինելով բավականին ցավոտ՝ այս վնասվածքները հազվադեպ են կյանքի համար վտագավոր լինում։ Տուժածը փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով վնասված մասը, շնչում է մակերեսային։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին կիսանստելու՝ վնասված կողմի վրա թեթևակի հենվելով։

• Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է բերել ԿԱԴ-ի վնասված կողմին։

• Տուժածի ձեռքը ամրացնել կրծքավանդակի վնասված կողմին՝ այդ մասը Ֆիքսելու նպատակով:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային միջոցառումներ, զանգել շտապօգնություն։

Կրծքավանդակի բաց վնասվածքների դեպքումթափանցող ուժեղ հարվածը ծակում է կրծքավանդակի պատը՝ ստեղծելով <<ներծծող վերք>>, որի դեպքում ներշնչելիս օդը ազատ թափանցում է կրծքավանդակի խոռոչ։ Երբեմն օդի մուտքը հյուսվածքների տեղաշարժման արդյունքում ինքնուրույն դադարում է, իսկ թոքամզային խոռոչ ներթափանցված օդի փոքր քանակը՝ ներծծվում։ Կարող է նաև ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ներշնչելիս օդն անցնում է կրծքավանդակի խոռոչ և արտաշնչելիս դուրս է գալիս կրծքավանդակի վերքից, որը զգալիորեն խանգարում է թոքերի նորմալ գործունեությանը։ Այսպիսի վնասվածքի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդին բնորոշ ձայն։ Այս վիճակը կոչվում է բաց պնևմոթորաքս։ Առավել վտանգավոր է այն վնասվածքը, որի դեպքում օդը ներթափանցում է թոքամզային խոռոչ, իսկ արտաշնչելիս դուրս չի գալիս՝ կուտակվելով այնտեղ և ճնշելով թոքը:

Կրծքավանդակի թափանցող վնասվածքի նշաններ

Հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում, շնչառությունը դառնում է մակերեսային և դժվարացած, անոթազարկը՝ թույլ, հաճախացած կամ անկանոն, մաշկը՝ գունատ, խոնավ, կապտավուն, կարող է լսվել ներծծվող օդի ձայն։ Կրծքավանդակի թափանցող վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։

Առաջին օգնություն կրծքավանդակի թափանցող վնասվածքի դեպքում (բաց պնևմաթորաքս) 

•Վերքի վրա տեղադրել փականային վիրակապ

— վերցնել օդի համար անանցանելի որևէ նյութ, օրինակ` պոլիէթիլենի ուղղանկյուն կտոր,

-վերքը ամբողջովին ծածկել դրանով,

— թաղանթի երեք կողմերը (փոքր և երկու մեծ) կպչուն ժապավենով կպցնել մարմնին, դա թույլ չի տա, որ ներշնչելիս օդն անցնի կրծքավանդակ, իսկ չորրորդ կողմը, որը պետք է լինի վերքից ավելի հեռու, թողնել ազատ` արտաշնչվող օդը դուրս գալու համար:

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունեուլու և սահմանափակել նրա շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Եթե ձեռքի տակ չկա հարմար միջոց, պետք է վերքը ծածկել ձեռքով։

Որովայնի վնասվածքներ

Որովայնը հեշտությամբ վնասվում է, քանի որ պաշտպանված չէ ոսկրերով։ Այս խոռոչում տեղակայված օրգաններից հեշտությամբ վնասվում և արյունահոսում են լյարդը, փայծաղը, ստամոքսը։

Լյարդը, գտնվելով որովայնի վերին մասում, որոշ չափով պաշտպանված է կողոսկրերով, սակայն նուրբ է և կարող է պատռվել բութ առարկայի հարվածից կամ ծակվել կողոսկրի կոտրվածքիհետևանքով։ Այն շատ հարուստ է արյունով և կարող է ուժգին արյունահոսել և տուժածի մահվան պատճառ դառնալ։

Փայծաղը գտնվում է ձախ կողմում և մասնակի պաշտպանված է ստորին ձախ կողոսկրերով։ Փայծաղը արյուն մատակարարող օրգան է, և դրա վնասվածքը կարճ ժամանակում կարող է առաջացնել մեծ քանակությամբ արյան կորուստ և կյանքի համար վտանգավոր դառնալ։

Ստամոքսն ունի արյունատար անոթներ, և եթե վնասվածքը թափանցում է ստամոքսի խոռոչ, ապա արյունը և ստամոքսի պարունակությունը կարող են լցվել որովայնի խոռոչ և վարակ հարուցել:

Որովայնի փակ վնասվածքի նշաններ՝

• սուր ցավ,

• արյունազեղումներ որովայնի պատի վրա,

• ներքին արյունահոսության նշաններ,

• սրտխառնոց, երբեմն՝ փսխում,

• թուլություն,

• ծարավի զգացում,

• ցավոտ, փքված կամ տախտակի ամրություն ունեցող որովայն։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունելու: Պառկեցնել նրան մեջքի վրա կամ նստեցնել՝ մեջքը հենելով, ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկի հոդերում, ծնկների տակ դնել փաթաթած ծածկոց կամ բարձ, իսկ ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

• Վնասվածքի վրա սառը թրջոց դնել։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Որովայնի բաց կամ թափանցող վնասվածքներ

Առաջին օգնություն

• Տուժածին զգուշությամբ պառկեցնել մեջքի վրա։ Եթե վնասվածքը երկայնական է, ոտքերը պետք չէ բարձրացնել կամ ծալել։

• վերքի շրջանում հեռացնել հագուստը։

• Որովայնի վերքը ծածկել չոր ստերիլ վիրակապով։

• Եթե վերքից արտանկած են ներքին օրգանները՝

— վերքը պետք է զգուշությամբ ծածկել թաց, հնարավորինս մաքուր գործվածքով՝ ամբողջությամբ ընդգրկելով արտանկած ներքին օրգանները,

— թաց գործվածքը ծածկել պոլիէթիլենի թաղանթով, որպեսզի այն չչորանա,

— պոլիէթիլենի թաղանթը ծածկել մի քանի տակ ծալած փափուկ գործվածքով՝ ջերմությունը պահպանելու համար։

• Երբ տուժածը հազում է կամ փսխում, ձեռքովպահել վերքը։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Կոնքի կոտրվածքներ

Նշաններ. 

• Տուժածի կոնքագոտին ակներև ձևա

փոխված է։

• Տուժածը կոնքի շրջանում խիստ ցավ է զգում։

• Կոնքագոտու վնասվածքի շրջանում լինում են տարածուն ենթամաշկային արյունազեղումներ։

• Տուժածի ոտքերը լինում են զատած (<<գորտի դիրք>>) կամ հակառակը՝ ծնկներն իրար սեղմած։

Առաջին օգնություն

• Զանգել շտապօգնություն:

• Անշարժացնել տուժածի կոնքագոտին ու ստորին վերջույթները։

• Տուժածի ծնկների տակ եռանկյունաձև վիրակապեր կամ որևէ ամուր, լայն գործվածքներ դնել և դրանցից մեկը զգուշությամբ սահեցնել նրա կոնքի տակ։

• Եռանկյունաձև վիրակապը կապել կոնքի շուրջը՝ գոտևորելով և ամրացնելով այն։

• Զգուշորեն, առանց տուժածի ոտքերը շարժելու, կայունացնել նրա դիրքը։ Դրա համար տուժածի ծնկների տակ և ոտքերի միջև եղած ազատ տարածություններում պետք է ծալած ծածկոցներ կամ այլ ներդիրներ դնել։ Ոտքերը կապել միմյանց։

• Ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

Կոնքազդրային հոդի վիրակապ

Կոնքազդրային հոդը վիրակապելու դեպքում վիրակապը դրվում է ուսահոդը վիրակապելու սկզբունքով:

Եռանկյունաձև վիրակապ կոնքի վնասվածքի դեպքում

Վիրակապի հիմքը դրվում է ազդրի վերին երրորդ մասում, գագաթը անց է կացվում դեպի գոտին և ամրացվում այնտեղ այնպես, որ ծածկվի հետույքային շրջանը և կոնքազդրային հոդը։ Այնուհետև, վիրակապի երկու ծայրերը հանգուցելով, ամրացվում է ազդրի շուրջը:

Սննդային հավելումներ

Ժամանակակից սուպերմարկետների շլացուցիչ բազմազանությունը և նրանցում առաջարկվող սննդամթերքի ընտրությունը պահանջում է լուրջ գիտելիքներ: Գաղտնիք չէ, որ առաջարկվող գեղեցիկ փաթեթավորված,ախորժելի տեսք ունեցող,համեղ բուրող ու այլ ամեն կերպ գայթակղող սննդամթերքը դեռ առողջ սնունդ չի նշանակում:Սակայն անհրաժեշտ գիտելիքները թուլ կտան ճիշտ կողմնորոշվել և կատարել անվնաս ընտրություն:Սովորաբար, մեծ մասամբ, մենք բավարարվում ենք միայն պիտանելիության ժամկետով:Սրա պատճառը թերևս այն է , որ ուրիշ բաներ պարզապես չենք հասկանում :Այնինչ  մակնշման թերթիկի վրա շաաատ բան է գրված:Պետք է կարողանա լmax ինֆորմացիա ստանալ ապրանքի մակնշման թերթիկից:օրինակ ինչ հավելումներ, կայունացուցիչներ, կոնսերվանտներ, գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր է պարունակում,և այլն

E կոդը նշանակում է, որ մթերքը պարունակում է այս կամ այն սննդային հավելումը: Հավելումներից շատերը կարող են վնաս հասցնել մեր առողջությանը: Վնասակար հավելումներից խուսափելու համար, պետք է կարողանանք վերծանել այդ կոդերը:

E100-199-ներկանյութ
E102, E120— առաջացնում է ալերգիա
E124— տալիս է ասթմատիկ նոպաներ
E171-173— հանգեցնում է լյարդի 7 երիկամների հիվանդության
E200-299— կոնսերվանտներ
E250, E251— առաջացնում է քաղցկեղ, ալերգիա, գլխացավ, լյարդի ծակծկոց
E230-232— նպատսում է քաղցկեղի առաջացմանը
E231-232— վտանգավոր են մաշկի համար
E300-399— հակաթթուներ
E311, 320, 321— առաջացնում են ալերգիա և ասթմատիկ նոպաներ, բարձրացնում են օրգանիզմում խոլեստերինը
E400-499— խտանյութեր
E407.447— առաջ են բերում լյարդի և երիկամների հիվանդություն
E461-466— աղեստամոքսային ուղու հիվանդություն
E421— շատ վտանգավոր է ատամների համար
E508-512— նպաստում է քաղցկեղի առաջացմանը
E510, 513, 527— բացասաբար է ազդում լյարդի վրա, կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել
E621— վատ ազդեցություն է թողնում աչքի ցանցաթաղանթի վրա, բերում է
գլխացավեր, արագացնում է սրտի աշխատանքը, թուլացնում մկանները
E951— առաջացնում է չարորակ ուռուցք, ալերգիա, գլխացավ, դեպրեսիա
E952— նպաստում է լյարդի անբավարարվածությանը

Վիտամիններ

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:

B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

вит с.jpg

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Ուշադրություն

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

shutterstock_576891166.jpg

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

е.jpg

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Կարմրախտ

Կարմրախտը վիրուսային ծագման հիվանդություն է,որը կարող է ընթանալ ձեռքբերովի` սուր, թեթև ընթացքով հիվանդության,ինչպես նաև բնածին` քրոնիկ ընթացքով պտղի արատների ու մահվան բերող ներարգանդային ծանր վարակի տեսքով:


Պատմական տեղեկություններ
Հիվանդությունը հայտնի է վաղուց,սակայն որպես ինքնուրույն նոզոլոգիական միավոր նկարագրվել է միայն 19-րդ դարում Լոնդոնյան Միջազգային կոնգրեսում /1881թ./: Մինչև 20-րդ դարի 40 -ական թվականները կարմրախտը համարվում էր մանկական հասակի թեթև հիվանդություն: 1941թ.ավստրալիացի ակնաբույժ Գրեգի կողմից պտղի մոտ նկարագրվեց տեսողական օրգանի լուրջ ախտահարումներ, որոնք անմիջականորեն կապված էին հղի կնոջ` կարմրախտով հիվանդացության հետ:Հետագայում հայտնաբերվեցին ու նկարագրվեցին պտղի տարբեր արատներ,որոնք խոսում էին հիվանդության բնածին ծանր ձևի մասին: 1969թ. ստացան վիրուսի թուլացված /ատենուիրացված/ շտամները,որով և սկիզբ դրվեց պատվաստանյութի ստեղծմանն ու տարածմանը տարբեր երկրներում:

Պատճառագիտություն
Կարմրախտի հարուցիչը հայտնաբերվել է 1962 թվին Պ.Պարկմանի ու Վելլերի կողմից:Այն պատկանում է տոգովիրուսների խմբին և ռուբիվիրուսների ցեղին:Վիրուսն անկայուն է արտաքին միջավայրում,կարող է պահպանվել սենյակային ջերմաստիճանի և չորացման պարագայում:Կայուն է հակաբիոտիկների նկատմամբ, իսկ սառը ջերմաստիճանային պայմաններում / -60c / կարող է պահպանել իր հատկությունները մինչև մի քանի տարի:

Համաճարակաբանություն
Կարմրախտն անթրոպոնոզ վարակ է,որի համար վարակի աղբյուր հանդիսանում է միայն մարդը`հիվանդության կլինիկորեն արտահայտված կամ անախտանիշ, ջնջված, ատիպիկ ընթացքով, ինչպես նաև վիրուսակիրները և բնածին կարմրախտով երեխաները, որոնց օրգանիզմում / խորխում, մեզում, կղանքում/ վիրուսները կարող են պահպանվել մինչև մեկ տարուց ավելի: Ձեռքբերովի կարմրախտով հիվանդը վարակիչ է հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց 5-7 օր առաջ և ցանի հայտնվելուց 2 շաբաթ հետո: Փոխանցման ուղիները բնածին կարմրախտի համար տրանսպլացենտար և հեմոկոնտակտայինն են, իսկ ձեռքբերովի կարմրախտի դեպքում`օդա-կաթիլային և կենցաղային շփման:

Ընկալունակությունը երեխաների մոտ բարձր է,հատկապես 2-9 տարեկան հասակում: Մինչև 6 ամսական երեխաները ժամանակավոր անընկալունակ են` մորից ստացված պասիվ իմունիտետի հաշվին,որն աստիճանաբար թուլանում է և անհետանում մեկ տարեկանից հետո:

Սեզոնայնությունն արտահայտված է տարվա բոլոր եղանակներին և, հատկապես, ցուրտ ամիսներին: Պարբերականությունը 3-5, իսկ վերջերս, կապված պլանային պատվաստումների հետ`6-9 տարին մեկ: Հետինֆեկցիոն իմունիտետը կայուն է, ողջ կյանքի ընթացքում և ձևավորվում է ինչպես մանիֆեստային,այնպես էլ`անախտանիշ ձևերից հետո:

Ախտածագում 
Ձեռքբերովի կարմրախտի վիրուսի համար մուտքի դռներ են հանդիսանում քիթըմպանի լորձաթաղանթները:Դեռ գաղտնի շրջանում վիրուսը հեմատոգեն ճանապարհով տարածվում է ողջ օրգանիզմով:Վիրուսի բազմացումը տեղի է ունենում ավշային հանգույցներում,որոնք մեծանում են արդեն գաղտնի շրջանի վերջում: Ցանի ի հայտ գալուն պես վիրուսեմիան ավարտվում է,ինչն ըստ ժամանակի համընկնում է արյան մեջ վիրուսչեզոքացնող հակամարմինների հայտնվելու հետ: Բնածին կարմրախտի ժամանակ վիրուսը հասնում է սաղմին տրանսպլացենտար ճանապարհով,ախտահարում է խորիոնի էպիթելային մազմզուկները և ընկերքի արյունատար անոթների էնդոթելը,որտեղից էլ էմբոլների ձևով թափանցում է պտղի արյան մեջ`վարակելով սաղմի բջիջները: Այս ամենը հանգեցնում է պտղի օրգանների և հյուսվածքների հետագա քրոնիկ իշեմիայի: Վիրուսը առաջացնում է բջիջների միտոտիկ ակտիվության խանգարում և քրոմոսոմային փոփոխություններ,որոնք բերում են պտղի զարգացման ծանր արատների ձևավորման կամ պտղի վախճանի:

Հիմնականում ախտահարվում են այն օրգաններն ու համակարգերը,որոնք գտնվում են ձևավորման պրոցեսում`այսպես կոչված զարգացման կրիտիկական շրջանում: Այսպիսով, արատների ծանրությունը,բնույթը հաճախականությունը կախված է հղիության ժամկետներից: Հղիության 3–4 շաբաթների ընթացքում վարակումն ախտահարում է պտուղը 60% դեպքերում,9-12 շաբաթներում`15 % դեպքերում, 13-16 շաբաթներում` 7% դեպքերում:Արդեն ձևավորված պտղի վրա և հղիության առաջին եռամսյակից հետո կարմրախտի վիրուսն ավելի քիչ վտանգավոր է:


Դասակարգումը.
Ա.Ձեռքբերովի կարմրախտ
Ըստ տիպի.
ա/ տիպիկ,
բ/ ատիպիկ

Ըստ ծանրության.
ա/ թեթև,
բ/ միջին ծանրության,
գ/ ծանր
Ծանրության ցուցանիշներն են.
— տենդի արտահայտվածություն,
-ինտոքսիկացիան,
-տեղային փոփոխությունների արտահայտվածությունը
Ըստ ընթացքի.
ա/ հարթ
բ/ անհարթ
— յուահատուկ բարդություններով,
— երկրորդային վարակի միացմամբ,
— քրոնիկ հիվանդությունների սրացմամբ
Բ.Բնածին կարմրախտ
ա.«փոքր» կարմրախտային համախտանիշ կամ Գրեգի տրիադա
/տեսողական,լսողական օրգանների և սրտի արատներ/
բ.«մեծ» կամ «ընդարձակ համախտանիշ»/տարբեր օրգան-համակարգերի ախտահարում/

Կլինիկա
Ձեռքբերովի կարմրախտի կլինիկական բնութագիրը:
Կարմրախտը ունի հետեւյալ շրջանները.
– գաղտնի շրջան,
— պրոդրոմալ շրջան,
— ցանավորման շրջան,
— ռեկոնվալեսցենցիայի շրջան:
Գաղտնի շրջանի տևողությունը տատանվում է 11-24 օր։

Պրոդրոմալ շրջանը միշտ չէ որ հանդիպում է, տատանվում է մի քանի ժամից մինչեւ երկու օր, դրսևորվում է թույլ արտահայտված ինտոքսիկացիայի ախտանիշներով, այն է՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ սուբֆեբրիլ թվերը, թուլություն, հոգնածություն, վատ ինքնազգացողություն, քնկոտություն, գլխացավ և ախորժակի անկում: Կատարալ սինդրոմը թույլ է արտահայտված հարբուխի կամ քթի փակվածության, կոկորդի ցավի և չոր հազի տեսքով։ Այդ շրջանում կարող է նկատվել լորձաթաղանթների ախտահարում փափուկ քիմքի վրա :

Ցանավորման շրջանը հանդիպում է մշտապես և ստույգ արտահայտված է: Այն ի հայտ է գալիս հիվանդության առաջին երկու օրերին եւ տևում է 3 ֊ 4 օր, բնորոշվում է էկզանթեմայի առկայությամբ, ինտոքսիկացիայի թույլ նշաններով, ոչ արտահայտված կատարալ երևույթներով, հետին պա րանոցային ավշային հանգույցների մեծացումով։ Ցանը հայտնվում է սկզբում դեմքին, պարանոցին, ականջների ետևում, գլխի մազածածկույթի տակ և արագ, մի քանի ժամվա ընթացքում, առանց որևէ կարգի ու հաջորդականության տարածվում ամբողջ մարմնով: Ցանը տեղակայվում է մաշկի անփոփոխ ֆոնի վրա ձեռքերին, ոտքերին, մեջքին, գոտկատեղին և նստատեղին: Երբեմն ցանը զուգակցվում է փոքր-ինչ քորով: Այդ ամենի հետ ցանը կարող է լինել բավական առատ նաև ծալվող մակերեսների վրա, այնուհանդերձ բնական ծալքերը մնում են ցանից ազատ։ Բոլոր հիվանդների մոտ նկատվում է ցանավորում հատկապես դեմքի վրա, այն մանր բծավոր է, հավասար գծագրումով, բավականին առատ, թույլ վարդագույն, առանց առանձին էլեմենտների միաձուլմանի, մի փոքր բարձր մաշկի մակերեսից:Ցանը վերանում է անհետ, առանց գունակավորման և մաշկի թեփոտման։

Ցանավորման հաջորդականությունը բացակայում է: Որոշ դեպքերում նկատվում է ցանի ինքնատիպ փոփոխություն։ Առաջին օրը այն կարող է լինել վառ, խոշոր, բծավոր պապուլյոզ, կարմրուկային ցանի նման։ Երկրորդ օրը ցանի տարրերը նման են քութեշի ցանին, զգալի քանակով տեղակայվում են տարածիչ մակերեսներին։ Երրորդ օրն այն ձեռք է բերում կարմրախտային ցանին բնորոշ հատկանիշներ։ Պոլիադենիտը կարմրախտի համար բավականին բնորոշ է: Բնութագրվում է հետին պարանոցային ավշային հանգույցների մեծացումով: Հնարավոր է հարականջային, ենթածնոտային, առաջային պարանոցային, ենթածնոտային և անութային ավշային հանգույցների մեծացում։ Նրանք Էլաստիկ կոնսիստենցիայի են, շրջակա հյուսվածքների հետ կապակցված չեն, քիչ ցավոտ են և պահպանվում են 15-20 օր: Որոշ հեղինակների կարծիքով, լիմֆադենիտը կարմրախտի առաջին և վերջին ախտանիշն է։ Տենդը մշտապես չի արտահայտվում և աննշան է: Մարմնի ջերմաստիճանը կամ նորմալ է կամ սուբֆեբրիլ, հազվադեպ է հասնում 39 –ի և պահպանվում է երկու-երեք օր։

Ինտոքսիկացիայի համախտանիշը նույնպես մշտական չէ, ավելի արտահայտվում է բարձր տարիքի երեխաների և դեռահասների մոտ։ Մարմնի բարձր ջերմաստիճանի և ինտոքսիկացիայի ծանրության մեջ զուգահեռ չի նկատվում։ Կարմրախտի ժամանակ վերին շնչուղիների լորձաթաղանթի և շաղկապենու բորբոքումը մշտական չէ, արտահայտվում է թույլ և ոչ երկարատեւ՝ 1- 2 օր: Արտահայտվում է կոկորդի քերոցով, հազվադեպ չոր հազով, քթի փակվածությամբ կամ փոքրաքանակ արտադրությամբ :

Հիվանդները ունենում են կլման ակտի ժամանակ առաջացող տհաճ զգացումներ՜` ցավ, չորություն, քերում, մրմուռ:



Բնածին կարմրախտի կլինիկական բնութագիրը
Բնածին կարմրախտը բնորոշվում է հատկանիշների կոմպլեքսով, որոնք տարբերվում են ձեռքբերովի հիվանդությունից: Ամենից հաճախ նկատվում է անոմալիաների զարգացման տրիադա (Գրեգի տրիադա), որը ստացել է «կարմրախտի դասական սինդրոմ» անվանումը, կամ էլ «փոքր կարմրախտային սինդրոմ», որը ներառում է խլությունը, կատարակտը և սրտի արատները: Բացի այդ, գոյություն ունի նաեւ «մեծ կամ ընդարձակ սինդրոմ», որը ներառում է բազմաթիվ զանազան խորը արատներ, այն է՝ գլխուղեղի ախտահարումը անէնցեֆալիայի տեսքով: Կարելի է ասել, որ չկա մի համակարգ, որը կարող է զերծ մնալ ախտահարումից «ընդարձակ կարմրախտային սինդրոմի» պարագայում։

Կարող են հանդիպել նաևւ գանգի ու կմախքի արատներ մետաֆիզի շրջանում, միզասեռական, արյունաստեղծման օրգանների արատներ, շնչառական, մարսողական և կենտրոնական նյարդային համակարգերի, հենաշարժողական ապարատի, որովայնի խոռոչի, ատամների, մաշկի, հեպատոսպլենոմեգալիայի, ռեակտիվ հեպատիտի, թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի, ինտերստիցիալ թոքաբորբի և ներարգանդային զարգացման արատների պատկեր: Կարմրախտը կարող է զարգանալ մոր կրած անախտանիշ (ինապարանտ) հիվանդությունից հետո։

Կարմրախտի առանձնահատկությունները վաղ մանկական հասակի երեխաների մոտ

Բնածին իմունիտետի առկայության դեպքում, մինչև 6 ամսեկան երեխաները չեն հիվանդանում կարմրախտով: Մոր մոտ սպեցիֆիկ հակամարմինների բացակայության պարագայում երեխան կարող է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հղի կնոջ ծննդաբերությունից անմիջապես առաջ հիվանդանալու դեպքում երեխան ծնվում է հիվանդության կլինիկական ախտանիշներով:

Կարմրախտի ընթացքի առանձնահատկությունները մեծահասակների մոտ 
Հիվանդությունը ընթանում է զգալիորեն ծանր, ավելի վառ և տևական տենդով, ինտոքսիկացիայի երևույթներով, թուլությամբ, ջարդվա ծությամբ, նշվում է աչքերի ախտահարում կոնյուկտիվիտի ձևով: Մեծահասակներին, հատկապես կանանց համար բնորոշ է մատների մանր հոդերի և ոտքերի թաթերի հոդերի ախտահարումը: Տղամարդկանց մոտ հաճախակի են ամորձիների ցավերի գանգատները: Իհարկե, հաճախակի և ծանր ընթացք ունեն կարմրախտային էնցեֆալիտները։


Բարդություններ
Ձեռքբերովի կարմրախտի դեպքում բարդությունները հազվադեպ են հանդիպում: Յուրահատուկ բարդություններից են արթրիտները,արթրալգիաները,ինչպես նաև`կարմրախտային էնցեֆալիտները:

Ախտորոշում
Ձեռքբերովի կարմրախտի հենակետային-ախտորոշիչ նշաններն են`
— շփում կարմրախտով հիվանդի հետ,
— մանր բծավոր ցան,
— լիմֆադենոպաթիա,հատկապես`ծոծրակային և հետին պարանոցային ավշահանգույցների,
— ջերմաստիճանի չափավոր բարձրացում կամ նորմալ ջերմաստիճան,
— չափավոր արտահայտված կատառալ երևույթներ:

Բուժում
Չբարդացած կարմրախտով հիվանդները կարող են բուժվել տնային պայմաններում: Խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ սուր շրջանում,հետագայում` կիսաանկողնային ևս 3-5 օր:
Ցուցված է կաթնա-բանջարեղենային դիետա,առատ հեղուկներ:

Պատճառագիտական բուժումը ցուցված է միայն հիվանդության ծանր ձևերի դեպքում և իրականացվում է վիֆերոնով և այլ ռեկոմբինանտ ինտերֆերոններով / ինտրոն Ա,ռոֆերոն Ա և այլն/: Այս բուժումը վերաբերում է բնածին կարմրախտի բոլոր ձևերին,ինչպես նաև նյարդային բարդություններով ընթացող ձեռքբերովի կարմրախտին:

Կանխարգելում
Կարմրախտով հիվանդները պետք է մեկուսացվեն առաջին հինգ օրերի ընթացքում / երբեմն այս ժամկետը կարող է երկարել մինչև 10-20 օր/: Հիվանդի հետ շփված մինչև 10 տարեկան երեխաները, որոնք չեն հիվանդացել կարմրախտով հսկողության տակ են պահվում 21 օր: Հիվանդի սենյակը պետք է օդափոխել և խոնավ մաքրում կատարել: Եզրափակիչ ախտահանում չի կատարվում:

Յուրահատուկ կանխարգելման համար ներկայումս կիրառվում է կենդանի թուլացված կարմրախտային մոնովակցինան, ինչպես նաև համակցված վակցինան կարմրուկի և պարօտիտային վակցինայի հետ /ԿԿԽ—ԱՄՆ/: Պատվաստումը կատարվում է 12-14 ամսական հասակում միանվագ: Ռեվակցինացիան իրականացվում է 5-6 տարեկանում: Բնածին կարմրախտի կանխարգելման նպատակով կարմրախտով չհիվանդացած 11-13 տարեկան աղջիկներին խորհուրդ է տրվում կրկնակի պատվաստում: Կարմրախտի դեմ պատվաստումն ունի բարձր արդյունավետություն:Ձևավորվում է կայուն իմունիտետ 95% և ավելի դեպքերում:

Քութեշ

Նկարագրություն

Քութեշը ստրեպտոկոկային վարակի ձևերից մեկն է: Այն վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բնորոշ տարածուն ցանով: Չնայած ավելի հաճախ հիվանդանում են մինչև 16 տարեկան երեխաները, մեծահասակները նույնպես կարող են հիվանդանալ:

Պատճառներ

Հիվանդության հարուցիչը A խմբի ստրեպտոկոկն է: Վարակումն առավելապես տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Վարակվում են հիվանդ երեխայից, որը ամբողջ հիվանդության ընթացքում և նույնիսկ առողջանալուց հետո որոշ ժամանակ վտանգավոր է շրջապատի համար: Վարակի աղբյուր կարող են լինել քութեշի թեթև և անախտանշան ձևերով հիվանդները (երբեմն հասուն տարիքում քութեշը կարող է ընթանալ անգինայի նման): Հարուցիչը, գտնվելով հիվանդի խորխի, լորձի և թքի կաթիլներում հազալիս, խոսելիս և փռշտալիս ընկնում է օդի մեջ, այնուհետև շնչուղիներով թափանցում առողջ երեխայի օրգանիզմ: Քութեշի հարուցիչը կարող է որոշ ժամանակ պահպանվել նաև հիվանդի օգտագործած առարկաների վրա, որոնք նույնպես վարակի աղբյուր են դառնում:

Առավել հաճախ ստրեպտոկոկերն օրգանիզմ են թափանցում բկանցքով, հազվադեպ նաև վնասված մաշկի միջոցով: Ընկնելով լորձաթաղանթի վրա` ստրեպտոկոկերը բազմանում են և առաջացնում են բորբոքային փոփոխություններ:

Պաթոգենեզ

Քութեշային ստրեպտոկոկերի արտադրած ուժեղ թույնը (տոքսինը), անցնելով արյան մեջ, առաջացնում է ընդհանուր թուլություն, ցան, նյարդային և սիրտանոթային համակարգերի ախտահարում: Թույնի հանդեպ օրգանիզմի ալերգական հակազդեցության հետևանքով հիվանդության 2-3-րդ շաբաթում կարող են ախտահարվել հոդերը, երիկամները, սիրտը: Ստրեպտոկոկերի հանդեպ օրգանիզմի դիմադրողականության անկման ժամանակ երբեմն դրանք ընկնում են արյան մեջ և հանգեցնում օրգանիզմի ընդհանուր վարակման: Հիվանդության այդպիսի ձևերը բնորոշ են 1-3 տարեկան երեխաներին: Քութեշի հարուցիչը 2-7 (երբեմն` 11) օր կարող է գտնվել մարդու օրգանիզմում` չառաջացնելով հիվանդության ախտանշաններ:

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արագ բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում են ընդհանուր թուլություն, կոկորդի ցավեր, հաճախակի կարող է լինել սրտխառնոց, փսխում: Հիվանդության առաջին 10-12 ժամերին մաշկը մաքուր է, չոր և տաք: Բկանցքը վառ կարմիր է, նշագեղձերը` մեծացած: Ցանն առաջանում է հիվանդության 1-ին օրվա վերջին կամ 2-րդ օրվա սկզբին, տեղադրվում է պարանոցի, մեջքի վերին հատվածի, կրծքի մաշկի վրա, այնուհետև տարածվում է ամբողջ մարմնով: Այն հատկապես առատ է ձեռքերի ծալվող մակերևույթների, կողքերի և որովայնի ստորին հատվածի վրա: Ցանը կարմիր է կամ ալ վարդագույն` մանր, խիտ դասավորված բծերի տեսքով: Հաճախ նկատվում է մաշկի քոր: Լեզուն չոր է և ծածկված է սպիտակ փառով: 3-րդ օրն այն մաքրվում է` ստանալով կարմիր գույն: Հիվանդության բոլոր ախտանշանները պահպանվում են 3-5 օր, այնուհետև` աստիճանաբար անհետանում: Առաջին շաբաթվա վերջին կամ երկրորդ շաբաթվա սկզբինցանի տեղում առաջանում է թեփոտում, որն ավարտվում է 2-3 շաբաթ անց:

Քութեշի ծանր ձևերը ներկայումս հազվադեպ են հանդիպում: Ավելի հաճախ ընթացքը թեթև է: Սակայն հիվանդության նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ կարող են առաջանալ սրտի, երիկամների և նյարդային համակարգի բարդություններ:
Հաճախակի հանդիպող բարդություններից են ենթածնոտային և պարանոցային ավշահանգույցների բորբոքումները, միջին ականջի բորբոքումը, սրտամկանի, հոդերի ձուսպաթաղանթների բորբոքումները, ինչպես նաև ռևմատիզմի սրացումները:

Երբեմն, հիվանդության 3-4-րդ շաբաթում, նկատվում է գրեթե անհետացող ախտանշանների կրկնություն (ցան, անգինա, ջերմաստիճանի բարձրացում):

Բուժում

Եթե հիվանդությունն ընթանում է թեթև հիվանդները կարող են բուժվել տանը` բժշկի հսկողությամբ, այլապես հիվանդները հոսպիտալացվում են: Անկախ հիվանդության ձևից` հիվանդին հարկավոր է անկողնային ռեժիմ առանձին սենյակում: Երեխայի մեկուսացումը թե՛ տանը, թե՛ հիվանդանոցում, տևում է 10 օրից ոչ պակաս: Սենյակի պատերն ու կահույքը հարկավոր է մաքրել քլորամինի լուծույթով, իսկ գորգը ցանկալի է հավաքել կամ ամեն օր մաքրել փոշեկուլով: Հիվանդի անձնական օգտագործման իրերն անհրաժեշտ է առանձնացնել: Նույնիսկ առաջին օրերին երեխայի հետ շփվելուց հարկավոր է հագնել արտահագուստ, իսկ շփումից հետո` ձեռքերը լվանալ:

Առաջին օրերին ցավոտ կլման ժամանակ ցանկալի է տալ կաթնաբուսական սնունդ: Հարկավոր է կերակրել օրը 5-6 անգամ` որոշակի ժամերի: Հարկավոր է հաճախակի տալ կիտրոնով թեյ, բանջարեղենի ու մրգերի հյութեր: Եթե ջերմաստիճանը բնականոն է, բժշկի թույլտվությամբ երեխան պետք է առանց սպունգի ցնցուղ կամ լոգանք ընդունի` վաղ տարիքի հիվանդները` ամեն օր (10 րոպե 38°C ջրով), իսկ ավելի մեծերը` 3-5 օրը մեկ: Երեխաները պետք է ամեն օր բերանը ողողեն կերակրի սոդայի (1 բաժակ եռացրած ջրին 1 թեյի գդալ սոդա) կամ ֆուրացիլինի (1 հաբ` 1 բաժակ ջրին): լուծույթով: Բժշկի նշանակած դեղանյութերն ընդունելիս հարկավոր է խստորեն պահպանել դեղաչափերը և ժամերը: Նույնիսկ երեխայի բավարար ինքնազգացողության ժամանակ բուժումն ինքնուրույն ընդհատել չի թույլատրվում: Միայն բժշկի թույլտվությամբ երեխան կարող է անցնել սովորական ռեժիմի: Մինչև 9 տարեկան երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց թույլատրվում է վերադառնալ 22 օր անց` հիվանդության սկզբից հաշված:

Կանխարգելում

Քութեշի կանխարգելման համար հարկավոր է երեխաներին հնարավորինս հեռու պահել անգինայով հիվանդ մեծահասակ մարդկանցից, քանի որ դա կարող է լինել քութեշային անգինա և երեխաները կարող են վարակվել: Իսկ հիվանդի հետ շփված և չհիվանդացած երեխաները պետք է վերադառնան դպրոց հիվանդի մեկուսացման պահից 7 օր անց:

Սիրտ-թոքային վերակենդանացում

Սիրտ-թոքային վերակենդանացումը (ՍԹՎ) կյանք փրկող միջոցառումների խումբ է, որին դիմում են, երբ ինչ-որ մեկը չի շնչում կամ նրա սիրտը կանգ է առել:

ՍԹՎ նպատակը կլինիկական մահվան մեջ գտնվող մարդու կենսական կարևոր օրգանների չգործող կամ խանգարված գործունեությունները վերականգնելու միջոցով նրա կյանքը փրկելն է:

Կլինիկական մահը սկսվում է արյան շրջանառության դադարեցման՝ սրտի կանգից վայրկյաններ անց և դրսևորվում հետևյալ ախտանիշներով՝

  • գիտակցության բացակայություն
  • շնչառության բացակայություն
  • քնային զարկերակի վրա (կարոտիս) անոթազարկի (պուլսի) բացակայություն
  • բբերի խիստ լայնացում (սրտի կանգից 2 րոպե հետո)
  • բբային (լուսային) ռեակցիայի բացակայություն:

ՍԹՎ-ը ներառում է տուժողի կրծքավանդակի ռիթմիկ սեղմումները և արհեստական շնչառությունը, որոնց միջոցով փորձ է կատարվում նվազագույն մակարդակի վրա պահպանել նրա արյան շրջանառությունը և կենսական կարևորագույն օրգանների, առաջին հերթին՝ գլխուղեղի թթվածնով մատակարարումը՝ փորձելով թույլ չտալ, որ կլինիկական մահը անդառնալիորեն փոխվի կենսաբանական մահվան:

Եթե ինչ-որ մեկը դժբախտ պատահարից, ճանապարհատրանսպորտային վթարից և ծանր վնասվածքից, վայր ընկնելուց, թունավոր կենդանիների խայթելուց, թունավորվելուց կամ այլ պոտենցիալ մահացու դրվագներից հետո չի կարողանում նորմալ շնչել (շնչահեղձ է լինում) կամ ընդհանրապես չի շնչում, ապա՝

  • համոզվեք, որ դուք վտանգի մեջ չեք և անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն
  • եթե 1-03 զանգելը չի հաջողվում, զանգեք 911 և կանչեք փրկարարներին
  • եթե 911 զանգելը ևս չի հաջողվում, զանգեք 1-02 և կանչեք ոստիկաններին:

ՍԹՎ միջոցառումները

ՍԹՎ միջոցառումները կազմված են հետևյալ հաջորդական քայլերից:

  • Վտանգի ստուգում. ստուգեք, թե արդյոք դուք ինքներդ գտնվում եք վտանգավոր իրավիճակում կամ տեղանքում՝ բարձր լարման էլեկետրական հոսանքալարեր, թափվող քարեր, երթևեկող մեքենաներ, ծուխ, թունավոր կամ պայթյունավտանգ գազերի ու հեղուկների արտահոսք, թունավոր օձեր և այլն: Մի փորձեք ձեր կյանքը վտանգի ենթարկել և մինչև տուժածին մոտենալը համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է ինչպես ձեզ, այնպես էլ՝ շրջապատի մարդկանց համար:
  • Պատասխան (արձագանք). ստուգեք, թե արդյոք տուժողը որևէ կերպ պատասխանում կամ արձագանքում է ձեր ազդանշաններին: Դուք կարող եք ձայն տալ («դուք ինձ լսո՞ւմ եք»), պարզ հրահանգներ հնչեցնել (բացել, փակել աչքերը և այլն), քիչ թափահարել տուժողի ուսերը, նրա մոտ ցավային ռեակցիա առաջացնել և այլն: Եթե նա որևէ պատասխան չի տալիս, անցեք օգնության հաջորդ քայլերին:
  • Կանչեք օգնություն. անհապաղ զանգեք հերթով՝ 1-03 (շտապ օգնություն) կամ 911 (փրկարար ծառայություն) կամ 1-02 (հերթապահ ոստիկանական ծառայություն) և արագ, բայց ճիշտ նկարագրեք ձեր գտնվելու հասցեն կամ վայրը, ինչպես նաև տուժողի վիճակը և հավանական պատճառը:
  • Շնչուղիների ստուգում. ստուգեք, թե արդյոք տուժողի վերին շնչուղիները անցանելի են (բերան, քիթ, կոկորդ): Զգուշությամբ հեռացրեք նրա վերին շնչուղիներն ակնհայտորեն խցանող, բերանում կամ քթում առկա ամեն ինչը՝ փսխման զանգվածներ, արյուն, սննդամթերք, պոկված ատամներ, պրոթեզներ և այլն, որից հետո զգուշությամբ տուժողի գլուխը քիչ ետ թեքեք և բարձրացրեք ստորին ծնոտը (բացառությամբ նորածինների):
  • Շնչառության ստուգում. ստուգեք, թե արդյոք տուժողը նորմալ շնչում է: Տուժողի շնչառությունը կարող է խանգարված լինել (շնչահեղձություն) կամ ընդհանրապես բացակայել: Եթե տուժողի շնչառությունը պահպանված է, նրան զգուշությամբ շուռ տվեք մի կողմի վրա (կողքի ապահովության դիրք), որը թույլ է տալիս, որ անգիտակից մարդու շնչուղիները չխցանվեն թքով կամ փսխման զանգվածներով: Հակառակ պարագայում, եթե տուժողի շնչառությունը խիստ ընկճված է կամ բացակայում է (հետևեք նրա կրծքավանդակի շարժումներին), սկսեք բուն ՍԹՎ միջոցառումները:
  • Անոթազարկի (պուլսի) ստուգում. շնչառությունը գնահատելու հետ միասին ստուգեք, թե արդյոք տուժողի պուլսը շոշափվում է, ինչը թույլ կտա մոտավորապես հասկանալ, թե արդյոք նրա սիրտը կծկվում է: Նկատի ունեցեք, որ միշտ չէ, որ պուլսի բացակայությունը վկայում է սրտի կանգի մասին։ Չափահաս տուժողի անոթազարկը ստուգեք նրա քնային զարկերակի վրա (պարանոցի վրա, կոկորդի աջ կամ ձախ կողմում):
  • Սիրտ-թոքային վերակենդանացում. ձեր մի ձեռքի ափի հիմը դրեք տուժողի կրծքավանդակի կենտրոնում, որից հետո ձեր մյուս ձեռքը դրեք ձեր առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված և բարձրացված են կրծքավանդակից, ձեր ձեռքերը պահեք արմնկային հոդերում ուղիղ՝ տուժողի իրանին ուղղահայաց և կատարեք նրա կրծոսկրի խոր և արագ 30 սեղմում (մոտավորապես՝ 1 վայրկյանում 2 սեղում): Ուշադրություն դարձրեք, որ սեղմումները լինեն կտրուկ և ռիթմիկ՝ վերից վար: 30 հատ սեղմում կատարելուց հետո մի պահ դադարեցրեք սրտի մերսումը, խորը ներշնչեք և, փակելով տուժողի քիթը, ձեր բերանով խորը արտաշնչեք-ներփչեք տուժողի բերանով այնպես, որ նրա կրծքավանդակը քիչ վեր բարձրանա: Շարունակեք 30 սեղմում-1 ներփչում ցիկլն այնքան, մինչև շտապ օգնության անձնակազմը ժամանի:
  • Դեֆիբրիլյացիա. սա կատարվում է ժամանած շտապ օգնության բուժանձնակազմի կողմից: Դեֆիբրիլյացիայի նպատակը սրտի արյդունավետ կծկումները վերականգնելն է։

Թունավորում

ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)
Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։

Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։

Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։
 

Թունավորում սնդիկից

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.Սարսուռ Անքնություն Հիշողության կորուստ Նյարդամկանային էֆեկտներ Գլխացավ Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա:

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ՝

  1. գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝
    կորուստ,
  2. ջերմության զգացում,
  3. մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
    գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան
    վախ,
  4. ցավ և ճնշում կրծքավանդակում,
  5. դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
    թելանման անոթազարկ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ՝

Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։

Շոկ

Շոկը ծայրահեղ ծանր իրավիճակ է, որը բերում է օրգանիզմում արյան շրջանառության կտրուկ վատթարացմամբ:

Շոկ կարող է զարգանալ տրավմայի, գլխի վնասվածքի, արյան կորստի, գերսուր ալերգիկ ռեակցիայիծանր վարակի, թունավորման, ծանր այրվածքներիպատճառով և կյանքին սպառնացող այլ իրավիճակներում: Երբ ինչ-որ մեկը շոկային վիճակում է, նրա օրգանները չեն ստանում բավարար արյուն կամ թթվածին: Բուժման բացակայության դեպքում սա կարող է բերել օրգանների կայուն վնասման կամ նույնիսկ մահվան:

Շոկի նշանները կախված են այն առաջացնող պատճառներից և կարող է ներառել՝

Շոկի առաջին օգնությունը

Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկը շոկի մեջ է, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Մինչև բուժանձնակազմը կժամանի, սկսեք իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  • Պառկեցրեք տուժողին հորիզոնական վիճակում և զգուշությամբ բարձրացրեք նրա ոտքերը (եթե համոզված եք, որ տուժողի ստորին վերջույթները վնասված չեն և նրան ցավ չեք պատճառում)։
  • Թողեք տուժածին հանգիստ վիճակում և մի փորձեք տեղաշարժել նրան՝ քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի առաջացել։
  • Եթե տուժողը կյանքի նշան ցույց չի տալիս (օրինակ՝ չի պատասխանում ձեր հարցերին, չի շնչում, չի հազում կամ չի շարժվում), սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները (վերին շնչուղիների անցանելիության ապահովում, «բերան-բերան» շնչառություն և սրտի արտաքին մերսում)։ Ըստ իրավիճակի խնդրեք այլ մարդկանց օգնությունը ևս։
  • Արձակեք տուժողի սեղմող հագուստը և, ըստ անհրաժեշտության, ծածկեք նրան տաք վերմակով, որ կանխարգելեք դողն ու սարսուռը։
  • Թույլ մի տվեք, որ տուժողը սնունդ կամ հեղուկներ ընդունի։
  • Եթե տուժողն ակնհայտ արյունահոսում է, սրբիչով կամ այլ միջոցով սեղմեք և սեղմած պահեք արյունահոսող շրջանը։
  • Եթե տուժողը փսխում է կամ նրա բերանից արյունահոսություն եք նկատում, շուռ տվեք նրան մի կողքի վրա, որ կանխարգելեք շնչահեղձությունը (եթե չեք կասկածում, որ նրա ողնաշարը վնասված չէ)։