Ավետիք Իսահակյան

Աւետիք Իսահակեան (1875-1957) - Azat Or

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր:
Գրական գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Երգեր և վերքեր» (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձել է հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Կյանքի հանգամանքները հարկադրել են բանաստեղծին երկար տարիներ ապրել հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և այլուր: Երկրեերկիր այդ թափառումները նրա համար աշխարհը և մարդկանց ճանաչելու իսկական դպրոց են եղել:
1926թ.-ին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակել է նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերանքի չիբուխը» 1928)։  Սակայն 1930 թ.-ին վերադարձել է արտասահման և ապրել այնտեղ մինչ 1936թ.՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։
Իսահակյանը 1936 թ. վերադառնում է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը, իսկ 1946թ. նա ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946–57թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։
Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց մեծերի պանթեոնում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *