Բոտուլիզմ

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.

  • թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
  • տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
  • խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
  • կլման դժվարացում,
  • շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
  • որովայնի փքվածություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՆԿԵՐՈՎ

Սնկերը լինում են ուտելի և թունավոր։ Ուտելի սնկերից են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը և այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը և այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորումների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորում­ների կանխարգելման համար հետևեք «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք» կանոնին, քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որն արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկի:

Ընդհանրապես, մի՛ պոկեք սունկը, եթե այն ձեզ պետք չէ։ Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնկերն ուտելուց մեկից տաս ժամ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
  • փսխում,
  • երկարատև լուծ,
  • ոտքերի մկանների ջղաձգություններ,
  • ընդհանուր թուլություն,
  • ջերմաստիճանի անկում,
  • արյունազեղումներ,
  • գրգռվածություն,
  • զառանցանք,
  • անգիտակից վիճակ։

Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումար­վում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթու­թյունը, պատրանքները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *